ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտայնության մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Արձանագրվում են առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, հասանելիություն ստանալու դեպի Կասպից ծովի ռեսուրսները և ապահովելու իրենց անմիջական մուտքը Կենտրոնական Ասիա», - ասել է Սերդյուկովը։
«Այդ նպատակով, ի թիվս այլ բաների, ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային ներուժը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է խաղաղության համաձայնագրի կնքումը», - հավելել է նա։
Սերդյուկովի խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի հետկոնֆլիկտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։
«Չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը, դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը